Լրահոս / Հայտարարություններ
Վերապատրաստման ծրագիր Սիրիայի Արաբական Հանրապետության դիվանագետների համար
13.03.2024
2024 թվականի մարտի 1-ից 13-ը ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում անցկացվեց Սիրիայի Արաբական Հանրապետության կրտսեր դիվանագետների վերապատրաստման ծրագիրը: Ծրագրի նպատակն էր բարելավել մասնակիցների գիտելիքները միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ոլորտում, ծանոթացնել մեր տարածաշրջանի իրողություններին, ինչպես նաև խորացնել մասնակիցների գիտելիքները Հայաստանի և մեր երկրի արտաքին քաղաքականության մասին:
Սիրիայի Արաբական Հանրապետության դիվանագետների տպավորություններն ամբողջացան ՀՀ մշակութային կենտրոններ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Մատենադարան, Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և այլ վայրեր այցերի շնորհիվ:
Վերապատրաստման ծրագրի ավարտին Դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը և Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպան Նորա Արիսյանը մասնակիցներին հանձնեցին ավարտական վկայականներ: Դեսպան Գաբրիելյանը շնորհավորեց մասնակիցներին և հույս հայտնեց, որ ծրագիրը կնպաստի Հայաստանի և Սիրիայի Արաբական Հանրապետության միջև հարաբերությունների հետագա խորացմանը: Դեսպան Նորա Արիսյանը պատրաստակամություն հայտնեց նպաստել երկու երկրների դիվանագիտական դպրոցների համագործակցության ընդլայնմանը:
Ծրագրի մասնակիցները շնորհակալություն հայտնեցին ընձեռնված հնարավորության համար: